Jump to content

Բերեգովայա փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերեգովայա փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն5,85 ± 0,01 կմ

Բերեգովայա փողոց (ռուս.՝ Береговая улица), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական և Նախիջևանի հատվածներում։ Ժամանակակից տեսանկյունից փողոցը բաժանում է Դոնի աջ առափն ու քաղաքի զանգվածային կառուցապատման առաջին գիծը, իսկ սկզբնապես այն և առափը միասնական միավորն էին և ունեին նույն անունը։ Փողոցը սկսվում է Սիվերսի պողոտայից և անցնում Դոնի երկայնքով մինչև Կիզետերինովսկայա ձորակ` ընդհատվելով միայն Բոգատյանովսկի զառիվայրից մինչև Դերժավինի նրբանցք ընկած հատվածում։

Բերեգովայա (Առափնյա) փողոցը նավագնացության ժամանակաշրջանում միշտ եղել է Դոնի Ռոստովի ամենաբանուկ փողոցներից մեկը, կառցապատված է եղել պահեստներով և մառաններով, Հարավարևելյան երկաթուղու առևտրային ճյուղի կառուցումից հետո նրա ակտիվությունն ավելի է մեծացել։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ավարտվում էր առափի բարեկարգումը հարակից տարածքների` Տեմեռնիկի գետաբերանից մինչև Բոգատյանովսկի զառիվայր սալապատումով, որը սկսվել էր 1897 թվականին։ Փողոցի բարեկարգումը կատարվել է արդեն խորհրդային տարիներին։ 1949 թվականին բարեկարգվել է առաջին հատվածը` Տեմեռնիկի գետաբերանից մինչև Սոկոլովի պողոտայի առանցքը, քառորդ դար անց` մինչև «Կարմիր Դոն» գործարանն ընկած հատվածը[1]։

Առափը գիշերվա ժամերին

Բերեգովայան Սիվերսի պողոտայից մինչև Բոգատյանովսկի զառիվայրն ընկած հատվածում Դոնի Ռոստով քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից է, քաղաքի դեմքը Դոնի կողմից։ Նրա երկայնքով տեղակայված են մի քանի հուշարձաններ, գեղեցիկ շենքեր, բարեկարգ առափ և Պարամոնովի պահեստները, որոնք պատմության և մշակույթի դաշնային նշանակության հուշարձաններ են։ 2011 թվականին առափի` Սիվերսի պողոտայից մինչև Բոգատյանովսկի զառիվայրն ընկած հատվածը, որը նախկինում փողոցի մի մասն էր, ստացավ պուրակային գոտու իրավաբանական կարգավիճակ[2]։ Դերժավինի նրբանցքից մինչև Կիզետիրինովսկայա ձորակն ընկած հատվածում փողոցը ներկայում գործնական հետաքրքրություն չի ներկայացնում։ Սակայն հայտարարվել է փողոցի Բոգատյանովսկի զառիվայրից արևելյան ուղղությամբ մինչև 13-րդ գիծ շարունակության նախագծման մրցույթ. նախատեսվում է կառուցել երթևեկության 4 գոտի, 20-40-մետրանոց հենասյուներով 310-մետրանոց էստակադ, ինչպես նաև շրջանաձև տրանսպորտային հանգույց։ Բերեգովայա փողոցի և Դոնի հարակից առափի ընդլայնումը սերտորեն կապված է Թատերական զառիվայրի ապագա պլանավորման և դեպի Կանաչ կղզի անցման հետ, որի ուղղությամբ նախատեսվում է ապագայում կառուցել կամուրջ։ Փողոցի նշված միացնող հատվածի տարածքը, որտեղ այժմ գտնվում է գետային նավահանգիստը, նախատեսվում է զարգացնել որպես հանրային-գործարար գոտի` հյուրանոցների, հանգստի գոտիների և գրասենյակային շենքերի կառուցումով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]